Հոգեթերապիան բուժման նպատակով այցելուի հոգեկան վիճակի վրա ազդելու մեթոդ է, որը հիմնականում իրականացվում է խոսքի միջոցով: Հոգեթերապիայի մեթոդները փոփոխվում են հիվանդության բնույթից, այցելուի տարիքից և բժշկական կամ հոգեբանական հաստատության առանձնահատկություններից ելնելով:

Հոգեթերապիան տեսականորեն հիմնավորված մոտեցումների համակարգ է, որի միջոցով մասնգետը (հոգեբան, բժիշկ, հոգեկան առողջության ոլորտի աշխատող) ազդում է այցելուի հոգեկան վիճակի, դրա միջոցով նաև` ֆիզիկական վիճակի վրա:

Հոգեթերապիայի բազմաթիվ ճյուղեր և ուղղություններ են զարգացել, մինչև այսօր էլ շարունակվում է նորանոր մեթոդների ստեղծումը: Գոյություն ունեն հոգեթերապիայի բազմաթիվ դպրոցներ և ուղղություններ, որոնք դժվար է դասակարգել, քանի որ նրանց հիմքում ընկած են տարբեր փիլիսոփայական տեսություններ, հոգեբանական հիպոթեզեր, գաղափարախոսական հայեցակարգեր:

Ներկայում հայտնի մոտեցումներն են` հումանիստականը, վարքաբանականը, կոգնիտիվ մոտեցումը, հոգեվերլուծականը, գեշտալտ թերապիան, տրանսակցիոն վերլուծությունը և այլն: