
Հոգեկան խնդիրներով տառապող մարդկանց մոտ հաճախ լրջորեն խաթարված են սոցիալական կապերը, շփման, կենցաղավարման, զբաղմունքային ու աշխատանքային հմտությունները: Այդպիսի մարդիկ հայտնվում են խիստ մեկուսացած վիճակում: Նրանք վերասոցիալականացման և կենսական հմտությունների ձեռքբերման կարիք ունեն:
«Ինթրա» ՀԱ ցերեկային կենտրոնի նպատակն է աջակցել հոգեկան խնդիրներով տառապող և մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց սոցիալ-հոգեբանական վիճակի վերականգնմանը:
Ցերեկային կենտրոնի այցելուները մասնագետների օգնությամբ զարգացնում են սեփական ներուժը, սովորում ապրել հնարավորին ինքնուրույն: Պարբերական հաճախումները բարելավում են ոչ միայն այցելուների, այլև նրանց ընտանիքների անդամների կյանքի որակը: Ցերեկային կենտրոնում եղած ժամերի ընթացքում այցելուի ընտանիքի անդամներն ազատվում են նրանց խնամքը կազմակերպելու հոգսից, բացի այդ, կենտրոնում տարվում է նաև առանձին հոգեբանական աշխատանք ընտանիքների անդամների հետ:
Սովորաբար, հիվանդանոցային բուժում ստացած մարդիկ զբաղվածության պակասի պատճառով մեկուսանում են տանը՝ մեծացնելով հիվանդության կրկնման հավանականությունը: Ցերեկային կենտրոնի նպատակն է նաև նպաստել բուժում ստացած այցելուների հիվանդության սրացման ու կրկնման կանխարգելմանը:
ՍՂՀՀ «Ինթրա» ՀԱ ցերեկային կենտրոնում կիրառվում է բազմամասնագիտական թիմային մոտեցում: Գնահատվում է յուրաքանչյուր նոր այցելուի վիճակը և մշակվում է անհատական միջամտության պլան:
Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնի ծառայություններն անվճար են:
Ցերեկային կենտրոնի աշխատանքներն ուղղված են՝
- Կենցաղային հմտությունների զարգացմանը (անձնական հիգիենայի և խնամքի պահպանում, ինքնօգնության հմտություններ)
- Հաղորդակցման և շփման հմտությունների զարգացմանը
- Սոցիալական հմտությունների զարգացմանը (ընդունված վարքի նորմերի և սոցիալական որոշակի պատասխանատվությունների զարգացում, օրինակ` փոքր գնումներ կատարելը, սեփական գումարի կառավարումը և այլն)
- Ստեղծագործական, զբաղմունքային հմտությունների զարգացմանը, (նկարչություն, ասեղնագործություն, պապյե-մաշե, երաժշտություն և այլն):
Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնում կիրառվում են խորհրդատվական և այլ թերապևտիկ միջամտության հետևյալ ձևերը՝
- Անհատական խորհրդատվություն և թերապիա
- Խմբային թերապիա
- Ընտանեկան խորհրդատվություն
- Զբաղմունքային ակտիվության ձևեր` նկարչություն, ասեղնագործություն, պապյե-մաշե, երաժշտություն, ինչպես նաև սեղանի թենիս, շախմատ և այլն:
Անհատական խորհրդատվություն և թերապիա
Անհատական թերապիան ցերեկային կենտրոնի կարևոր բաղադրիչ է: Այն ենթադրում է անհատական ուշադրություն և խնամք: Անհատական խորհրդատվությունը օգնում է բարելավել այցելուի հոգեբանական վիճակը, սոցիալական հմտությունների մակարդակը, բարձրացնել շրջապատող իրականության նկատմամբ վստահության շեմը: Ցերեկային կենտրոնում այցելուի մոտ աստիճանաբար զարգանում է խմբին պատկանելու զգացումը: Դա օգնում է հաղթահարելու սեփական անպետքության զգացումը և կարող է թերապևտիկ նշանակություն ունենալ:
Խմբային թերապիա
Խմբային թերապիան ուղղված է բարելավելու ցերեկային կենտրոնի այցելուների սոցիալական և կենցաղային հմտությունները՝ «հավասարը հավասարից սովորելու» մեթոդի միջոցով: Իր նմանի հետ լինելու, կենցաղային հարցերի շուրջ զրուցելու (ինչ է կերել երեկ, ինչ է եղել տանը, և այլն), մտքերը կիսելու սովորական գործընթացը էական թերապևտիկ ազդեցություն է ունենում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Խմբի որևէ անդամի դրական փորձը շատ արագ ընդունվում և կրկնօրինակվում է մյուսների կողմից: Խմբային թերապիան ենթադրում է համատեղ զրույցներ, քննարկումներ, աշխատանք:
Ընտանեկան խորհրդատվություն
Այցելուների ընտանիքների անդամների հետ աշխատանքը (խորհրդատվություն, թերապիա, ինքնաջակցման խմբեր) ցերեկային կենտրոնի գործունեության մեկ այլ կարևոր բաղադրիչ է: Ընտանիքների անդամները մասնագետների աջակցությամբ սովորում են ավելի լավ կառավարել սթրեսները: Միմյանց հետ շփումը, հոգսերի ու անհանգստությունների փոխանակումն օգնում են նորովի նայել իրավիճակին և փոխել իրականության նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը:
Զբաղմունքային թերապիա
Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում նպատակային զբաղվածության և ներգրավման խնդիրը բավական սուր է: Ցերեկային կենտրոնի ստեղծագործական և ժամանցային գործունեությունը ստեղծում է արդյունավետ թերապևտիկ միջավայր՝ այցելուների մեջ ձևավորելով իմաստալի գործունեության և ներգրավման հմտություններ: