Ղ., 15 տարեկան: Ցերեկային կենտրոն սկսել է այցելել 2011 թ.-ի մայիսից: Ախտորոշումը` երկբևեռ խանգարում: Սկզբնական շրջանում խնդիրներ ուներ շփման, սոցիալական կապերի ձևավորման և պահպանման հարցերում: Մարդկանց հետ դժվարությամբ էր շփվում, իրեն պահում էր մեկուսացած, չուներ ընկերներ:

Սկզբում կենտրոն էր այցելում ծնողի հետ, մեկ տարի անց արդեն ինքնուրույն է հաճախում կենտրոն:

Այժմ Ղ-ն ձեռք է բերել ընկերներ, ներգրավվել սոցիալական միջավայր: Շրջապատում այլևս խիստ կաշկանդված չէ և կարողանում է ազատ արտահայտել սեփական մտքերը: 2012թ-ի ամռանը հաջողությամբ հանձնելով քննությունները` ընդունվել է Գեղարվեստի ուսումնարան:


Կ. 13 տարեկան: Ցերեկային կենտրոն սկսել է այցելել 2011 թ.-ի օգոստոսից: Ախտորոշումը` վարքի խանգարում: Սկզբնական շրջանում չափազանց ագրեսիվ էր, գերակտիվ, վարքի խանգարումները հիմնականում ինքնավերահսկման բացակայության պատճառով էին:

Այցելությունների արդյունքում ագրեսիվությունը նվազել է, օտար մարդկանց նկատմամբ առավել հանդուրժող է, մասամբ նվազել է գերակտիվությունը, դարձել է ավելի ընկալունակ, հանձնարարված աշխատանքները կարողանում է հասցնել ավարտին: Ընդհանուր առմամբ վարքը բարելավվել է:


Պ. 13 տարեկան: Ցերեկային կենտրոն սկսել է այցելել 2011 թ.-ի օգոստոսից: Ախտորոշումը` վարքի խանգարում: Սկզբնական շրջանում վարքն անկառավարելի էր: Ուներ կենտրոնացման դժվարություններ, ֆիզիկական ագրեսիա էր դրսևորում թե մարդկանց, թե առարկաների նկատմամբ: Չէր մասնակցում ցերեկային կենտրոնի որևէ գործունեության՝ ձեռքի աշխատանք, զրույցներ և այլն:

Այժմ փորձում է կատարել ձեռքի աշխատանքներ: Կարողանում է համբերատար լսել մարդկանց: Նվազել է ագրեսիան և վնասելու ցանկությունը:


Ն. 19 տարեկան: Ցերեկային կենտրոն սկսել է այցելել 2011 թ.-ի օգոստոսից: Ախտորոշումը` շիզոֆրենիա: Ցուցաբերում էր ֆիզիկական ագրեսիվություն, հատկապես ընտանիքի անդամների հանդեպ, ծեծում էր մորը, քրոջը: Ուներ տեսողական և լսողական ցնորքներ, որոնք նրան մղում էին տարբեր գործողությունների, պարտադրում վարքի այս կամ այն ձևը: Սոցիալական կապերը լիովին խզված էին, ոչ մեկի հետ չէր շփվում: Կենտրոնում երկար չէր մնում, չէր կարողանում կենտրոնանալ գործողությունների վրա:

Ներկայում, չնայած ցնորքները մասամբ շարունակվում են, սակայն դրանց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, պակասել է ազդեցությունը: Վերականգնվել են սոցիալական կապերը, կարողանում է այցելել հանրային վայրեր, շփվել մարդկանց հետ: Մասնակցում է ցերեկային կենտրոնի բոլոր աշխատանքներին, հաճախ կենտրոն է գալիս նշված ժամից շուտ: Ձեռք է բերել ինքնուրույնություն:

Սկզբում կենտրոն էր այցելում ծնողի հետ, կես տարի անց արդեն կենտրոն էր հաճախում ինքնուրույն:


Զ. 26 տարեկան: Ցերեկային կենտրոն սկսել է այցելել 2011 թ.-ի նոյեմբեր ամսից: Ախտորոշումը` մտավոր հետամնացություն: Ուներ շփման խնդիրներ՝ դժվարությամբ էր մտնում հաղորդակցման մեջ: Տեղի և իրավիճակի մեջ կողմնորոշվում էր մոտավոր ճշտությամբ: Ժամանակի մեջ չէր կողմնորոշվում: Հարցերին պատասխանում էր ուշացումով, մեկ բառով: Հաճախ չէր հասկանում հարցի իմաստը: Զրույցի ժամանակ անհանգիստ էր. ջղայինանում էր, լաց լինում, անընդհատ փորձում դուրս գալ սենյակից:

Այժմ սկսել է ավելի լավ կողմնորոշվել տեղի, ժամանակի և տարածության մեջ: Զրույցի ընթացքում վարքը հավասարակշռված է: Հարցերին համառոտ պատասխանում է: Մասնակցում է ձեռքի աշխատանքներին: Հույզերն ադեկվատ են: