Հոգեբանական խորհրդատվությունը հոգեբանական աջակցության տեսակ է, որի կիրառման ընթացքում ստեղծվում է ապահով և վստահելի մթնոլորտ` հնարավորութուն տալով այցելուին կիսել իր անհանգստությունները և փորձել հասկանալ դրա պատճառները:

Հոգեբանական խորհրդատվությունը անմիջական աշխատանք է անհատի, ընտանիքի կամ որևէ սոցիալական խմբի հետ և ուղղված է անձնային, միջանձնային կամ միջխմբային խնդիրների լուծմանը:

Խորհրդատուն օգնում է այցելուին ինքնուրույն առաջադրել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր և ընտրություն կատարել նշված հնարավոր ելքերի միջև: Այսինքն, խորհրդատվության ժամանակ շեշտը դրվում է այցելուի ինքնօգնության կարողության վրա: Մյուս կողմից խորհրդատվությունը օգնում է այցելուին ստանձնել պատասխանատվություն սեփական կյանքի խնդիրների լուծման համար, հասկանալ սեփական ես-ը և իր կյանքում «կարևոր մյուսներին»: Մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե հոգեբանական խորհրդտավությունը նշանակում է խորհուրդներ ստանալ հոգեբանից: Իրականում խորհրդատվությունն օգնում է անձին ինքնուրույն գտնել իրեն հուզող և անհանգստացնող հարցերի պատասխանները, խնդիրների լուծումները հաղթհարել հոգեբանական և անձնային դժվարությունները:

Խորհրդատվություն կարելի է իրականացնել նաև հեռախոսային և ինտերնետային տարբերակներով: Այն կարող է տևել մի քանի հանդիպումներից մինչև մի քանի ամիս (հազվադեպ տարի)` կախված խնդրի առանձնահատկությունից: