
ՍՂՀՀ-ի գործունեության շրջանակը ներառում է սոցիալ-հոգեբանական և հոգեբուժական խորհրդատվության ծառայությունների մատուցում, ուսումնասիրությունների իրականացում, ուսումնական ծրագրերի մշակում և կազմակերպում, հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ հանրության իրազեկում, հոգեկան առողջության ոլորտում կամավոր գործունեության խթանում, ինչպես նաև ոլորտին առնչվող քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների մշակում:
Մեր գործունեության հիմքում ընկած է հետևյալ մոտեցումը՝ հոգեկան առողջության ամրապնդումն ու պահպանումը յուրաքանչյուրիս գործն է:
Խիստ կարևորում ենք նաև հոգեկան առողջության խթանումը, հիվանդության կանխարգելումը և վաղ փուլում միջամտությունը:
ՍՂՀՀ-ի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը տրամադրում է բարձրորակ հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ: «Ինթրա» կենտրոնում գործում է նաև ցերեկային կենտրոն, որի գործունեության շրջանակներում աջակցություն են ստանում ինչպես այցելուները, այնպես էլ նրանց խնամողները:
«Ինթրա» կենտրոնի ծառայություններն անվճար են սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար:
Գործնական գիտելիքների և հետազոտական աշխատանքների համադրումն օգնում է բացահայտել Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի տարատեսակ հիմնախնդիրներ, ինչպես նաև մշակել դրանց լուծմանն ուղղված հասցեական միջամտության ծրագրեր:
Մենք հավատացած ենք, որ կրթությունը և իրազեկումը հոգեկան լավակեցությունը խթանելու, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ խարանը և նրանց ընտանիքների սոցիալական մեկուսացումը նվազեցնելու կարևորագույն միջոցներից են:
Մեր ուսումնական ծրագրերն ուղղված են նաև հոգեկան առողջության ոլորտի և հարակից ոլորտների մասնագետների կատարելագործմանը: Մասնավոր և հանրային կազմակերպությունների պահանջով ՍՂՀՀ-ն մշակում և իրականացնում է նաև տարատեսակ հասցեական ուսումնական ծրագրեր (թրեյնինգներ):
Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վիճակը բարելավելու և ոլորտի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով ՍՂՀՀ-ն, ուսումնասիրությունների և փորձի հիման վրա, մշակում և շահարգրգիռ կառույցներին է տրամադրում հոգեկան առողջության ոլորտի քաղաքականության բարելավմանն ուղված առաջարկություններ: