Մարդիկ հաճախ դիմում են մեզ հոգեբանական խորհրդատվության գործընթացին վերաբերող տարատեսակ հարցերով: Այս բաժնում կփորձենք պատասխանել առավել հաճախ հանդիպող հարցերին:


Ինչպե՞ս իմանամ` արդյոք ունեմ հոգեբանին դիմելու կարիք

Դուք հոգեբանին կարող եք դիմել տարբեր պատճառներով, օրինակ, երբ որոշ մտքեր, զգացումներ, հոգեվիճակներ, բնավորության գծեր կամ անձնային որակներ խանգարում են Ձեր կենսագործունեությանը, աշխատանքին, ընկերների ու հարազատների հետ փոխահարաբերություններին, երբ ցանկանում եք լինել ավելի հավասարակշռված, ներդաշնակ, երբ ցանկանում եք հեշտ հաղթահարել սթրեսային և արտակարգ իրավիճակները (կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ, հանկարծակի կորուստ և այլն):

Ի՞նչ է տեղի ունենում հոգեբանական խորհրդատվության ընթացքում

Հեշտ չէ նկարագրել հոգեբանական խորհրդատվության ընթացքը, այն լինում է տարբեր՝ կախված հոգեբանից, կիրառվող մեթոդից, այցելուից և ներկայացված խնդրից։ Հնարավոր է կիրառել խնդրի կամ խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ: Պահանջվում է Ձեր ակտիվ մասնակցությունը և համագործակցությունը հոգեբանի հետ։ Դուք ազատ եք քննարկելու այն ամենն, ինչ ցանկանում եք՝ ամենօրյա միջադեպերը, Ձեր զգացմունքները, մտքերը, հիշողությունները, մտավախությունները և այլն:

Հոգեբանական խորհրդատվության գործընթացում կան ինչպես անհարմարավետության ռիսկեր, այնպես էլ ձեռքբերումներ և օգուտներ։ Հնարավոր ռիսկերը ոչ հաճելի, անհանգստացնող զգացմունքներն են (տխրություն, մեղքի զգացում, տագնապ, բարկություն և այլն) կամ ոչ հաճելի հիշողությունները, որոնք հոգեբանական խորհրդատվության ընթացքի մաս են կազմում։ Դրական արդյունքներն ու ձեռքբերումներն են վերոնշյալ զգացմունքների և ապրումների նշանակալի նվազումը, փոխհարաբերությունների կարգավորումը, կյանքի տարբեր իրավիճակներում ավելի լավ կողմնորոշվելու, կոնֆլիկտները, վախերը հաղթահարելու հմտությունների ձևավորումն ու ամրապնդումը:

Մեր մասնագետները կիրառում են տարբեր տեսական մոտեցումներ և գործնական հնարներ: Առավել գործածական են՝ իմացա-վարքային, հումանիստական, հոգեվերլուծական և հոգեդինամիկ թերապիայի մեթոդներն ու ձևերը, նեյրոլինգվիստիկական ծրագրավորումը:

Ո՞ր դեպքերում դիմել հոգեբանին

Խնդիրների ցանկը, որոնց դեպքում մարդիկ դիմում են հոգեբանին, ընդգրկուն է:

Մեր մասնագետներն աշխատում են ինչպես նոր ձևավորվող, այնպես էլ ժամանակի ընթացքում արմատացած լայն շրջանակ ընդգրկող խնդիրների հետ: Մասնավորապես՝

Մանուկներին, պատանիներին առնչվող խնդիրներ

  • Ուշադրության, կենտրոնացման և գերակտիվության խնդիրներ
  • Վարքի կառավարման խնդիրներ
  • Մանկական դեպրեսիա
  • Վախ և տագնապ
  • Սոցիալական, միջանձնային դժվարություններ
  • Փոփոխությունների նկատմամբ հարմարվողականություն
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Ընտանեկան կոնֆլիկտ
  • Ծնողների ամուսնալուծություն
  • Դպրոցին հարմարվելու խնդիրներ
  • Ակադեմիական ուսուցման մեջ դժվարություններ
  • Ամաչկոտություն, ընկերներ ձեռք բերելու դժվարություններ
  • Կռվարարություն, հասակակիցների հետ հարաբերություններում խնդիրներ
  • Արտազատման խանգարումներ (էնկոպրես, էնուրեզ)
  • Սննդային դժվարություններ, սննդառության խանգարումներ
  • Քաշի խնդիրներ
  • Քնի դժվարություններ

Մեծահասակներին առնչվող խնդիրներ

  • Անձնային աճ և զարգացում
  • Ինքնագնահատականի խնդիրներ
  • Տագնապայնություն, դեպրեսիա, վախ և խուճապային հակազդում
  • Կյանքի ճգնաժամի խնդիրներ
  • Սթրես
  • Սոցիալական տագնապ և ամաչկոտություն
  • Զայրույթի կառավարում
  • Քնի դժվարություններ
  • Կորուստ, վիշտ, տրավմա
  • Աշխատանքային սթրես
  • Ուշադրության և կենտրոնացման դժվարություններ
  • Միջանձնային հարաբերությունների խնդիրներ
  • Ամուսնական, ընտանեկան կոնֆլիկտներ
  • Ամուսնալուծություն
  • Հոմոսեքսուալության խնդիրներ
  • Քրոնիկական հիվանդություններ
  • Հոգեմարմնական խնդիրներ
  • Քրոնիկ ցավ
  • Քաշին և արտաքնին վերաբերող խնդիրներ
  • Սննդային խանգարումներ

Զույգերին առնչվող խնդիրներ

  • Առողջ հաղորդակցություն
  • Մինչամուսնական խնդիրներ
  • Ամուսնական խնդիրներ
  • Ծնողավարություն
  • Կյանքի փոփոխություններին առնչվող խնդիրներ
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Բաժանում

Ընտանեկան խնդիրներ

  • Ընտանեկան կոնֆլիկտներ
  • Միախառնված ընտանիքներ
  • Ծնողավարություն
  • Տարիքային ճգնաժամեր
  • Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
  • Ամուսնալուծություն

Առողջության հոգեբանությանն առնչվող խնդիրներ

  • Սթրեսի հետ կապված ֆիզիկական, ֆիզիոլոգիական ախտանշաններ
  • Վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)
  • Առողջության վերաբերյալ տագնապ, ֆիզիկական ախտանշանների վերաբերյալ ոչ համարժեք անհանգստություն
  • Սննդային խանգարումներ՝ ներառյալ բուլիմիա, անորեքսիա
  • Հարմարվողականություն քրոնիկ հիվնադությանը (սրտանոթային խանգարումներ, քաղցկեղ կամ շաքարախտ)
  • Քաշի կառավարում և սննդային ռեժիմի փոփոխություն
  • Անքնություն

Հարկ է նշել, որ հոգեկան բնույթի խնդիրները հիմնականում հոգեբանական միջամտությամբ հնարավոր է լուծել, այդուհանդերձ հոգեբուժական միջամտությունն առաջնահերթ է, եթե ախտորոշվում են՝

  • փսիխոզներ
  • երկբևեռ խանգարումներ
  • անձի խանգարումներ
  • շիզոֆրենիա
  • կպչուն, սևեռուն մտքեր
  • սնման խանգարումներ և այլն

2012 թ.-ին Ինթրա կենտրոն դիմած շուրջ 900 այցելուներից 49.9% եղել են անչափահասներ, հիմնականում ՝ վարքի կառավարման, ուշադրության կենտրոնացման և գերակտիվության, վախի և տագնապի խնդիրներով: Չափահաս այցելուների մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրներից են՝ տագնապայնություն, դեպրեսիա, վախ և խուճապային հակազդում, սոցիալական, միջանձնային հարաբերություններում դժվարություններ և կոնֆլիկտների հաղթահարում: Հոգեբուժական խորհրդատվության են դիմել առավելապես աֆֆեկտիվ-հուզական խանգարումներ, ներառյալ՝ երկբևեռ խանգարում, դեպրեսիա, մանիա և այլն, կպչուն-սևեռուն խանգարումներ, տիկային խանգարումներ և շիզոֆրենիա, փսիխոզներ ախտանիշերով անձինք:

Հոգեբույժի խորհրդատվությունից օգտվողների 36%-ունեցել է աֆֆեկտիվ-հուզական խանգարումներ, ներառյալ երկբևեռ խանգարում, դեպրեսիա, մանիա և այլն, 23% կպչուն-սևեռուն խանգարումներ, տիկային խանգարումներև և շիզոֆրենիա, փսիխոզներ՝ 14%:

Ինչպե՞ս կարող եմ դիմել հոգեբանին

Հոգեբանի կամ հոգեբույժի մոտ այցելության ժամ գրանցելու համար խնդրում ենք զանգահարել Ինթրա կենտրոն (հեռ.՝ 263543, 091263543), կամ գրել info@sgmf.am հասցեով: Ձեզ կտրամադրվեն համապատասխան տեղեկություններ, ելնելով Ձեր գանգատներից՝ կառաջարկվի համապատասխան աշխատանքային ուղղվածության մասնագետ:

Որքա՞ն է տևում հոգեբանական խորհրդատվությունը

Հոգեբանական խորհրդատվության տևողությունը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ Ձեր կողմից ներկայացվող խնդիրների բնույթից: Ամեն դեպքում, Ձեր հոգեբանը, մասնագիտական հնարավորությունների սահմաններում, կանի ամեն ինչ, որպեսզի Դուք հաղթահարեք խնդիրները և հնարավորին արագ դրական փոփոխություններ զգաք։ Ավելորդ չէ նշել, որ հոգեթերապիան մնում է ոչ ճշգրիտ գիտության ոլորտ և հնարավոր չէ տալ միանշանակ երաշխիքներ:

Այցելուի հետ թերապևտիկ աշխատանքը սկսվում է միջամտության պլանի մշակումից հետո, որի շրջանակներում կատարվում է առաջնային գնահատում և ամփոփվում են անհրաժեշտ տեղեկությունները՝ ելնելով խնդրի առաջացման պատմությունից: Յուրաքանչյուր այցը տևում է 45 րոպեից մինչ մեկ ժամ:

Հոգեբանական խորհրդատվության գաղտնիությունը

Մենք ապահովում ենք վստահություն ներշնչող միջավայր և երաշխավորում գաղտնիությունը:

Խորհրդատվության գաղտնիությունն ապահովված է, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք կարող եք վնասել Ձեզ կամ մեկ այլ անձի: Այդ դեպքում, իրավիճակի մասին տեղեկացվում է համապատասխան կառույցներին: Այս և հոգեբանական խորհրդատվությանը վերաբերող էթիկական մի քանի հարցեր Ձեզ հետ մանրամասն կքննարկվեն առաջին այցի ժամանակ։

Կարո՞ղ է հոգեբանը նշանակել դեղորայքային բուժում, եթե լինի դրա կարիքը

Հոգեբաններն իրավասու չեն դեղորայք նշանակել: Դեղորայք նշանակելու իրավասություն ունեն միայն հոգեբույժները։ Մեր կենտրոնում գործում է նաև հոգեբուժական խորհրդատվական ծառայություն և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ խորհուրդ կտրվի դիմել հոգեբույժի և ստանալ համապատասխան դեղորայքային բուժում։

Կարո՞ղ եմ զրուցել իմ հոգեբանի հետ նախքան հանդիպումը

Մինչ այցը հեռախոսային զրույցի հնարավորությունները սահմանափակ են: Առաջին այցի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք քննարկել ցանկացած հարց: Դա ավելի ադյունավետ է, քան հեռախոսով զրուցելը: Այդուհանդերձ, խիստ անհրաժեշտության դեպքում նախնական կարճատև հեռախոսային զրույցը ևս հնարավոր է:

Կարո՞ղ եմ կապվել իմ հոգեբանի հետ ճգնաժամի ժամանակ

Սովորաբար մեր խորհրդատուները հասանելի կլինեն Ձեզ համար նախատեսված ժամերին: Նրանք ի վիճակի չեն արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցել, և Դուք ստիպված կլինեք օգնության այլ տարբերակներ գտնել ճգնաժամի պահին, օրինակ՝ նման դեպքերում Դուք կարող եք կապվել Արտակարգ իրավիճակների կառույցների հետ: Այդուհանդերձ, բացառիկ դեպքերում կարող եք դիմել Ձեր հոգեբանի օգնությանը, սակայն նման հնարավորությունը պետք է նախապես քննարկեք հոգեբանի հետ։

Ի՞նչ տարիքի մարդիկ են կարող դիմել «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն

Մեր կողմից առաջարկվող հոգեբանական աջակցության ծառայություններն ուղղված են տարիքային բոլոր խմբերին ՝ երեխաներին, պատանիներին, չափահասներին, ինչպես նաև զույգերին, ընտանիքներին և խմբերին:

Ի՞նչ վճարներ են գործում «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում

Շնորհիվ ՍՂՀՀ հիմնադիրների և այլ նվիրատուների ջանքերի մենք փորձում ենք որակյալ հոգեբանական և հոգեբուժական ծառայութուններ մատուցել դրա կարիքն ունեցող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական վիճակից:

Հոգեբանի հետ աշխատանքի մեկ այցելության վճարը տատանվում է 10,000-15,000 դրամի սահմաններում չափահասների համար և 7,000-10,000 դրամ՝ երեխաների համար՝ կախված խնդրի բնույթից, աշխատանքի ինտենսիվությունից և այլն: Վճարի մասին ավելի հստակ տեղեկություններ կստանաք տեղում՝ հոգեբանի հետ առաջին հանդիպման ժամանակ:

Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում բոլոր ծառայություններն անվճար են սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ներկայացուցիչների համար (տես ցանկը):

Մեզ մոտ գործում է նաև զեղչերի համակարգ այն մարդկանց համար, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ, սակայն չեն պատկանում սոցիալապես խոցելի վերոնշյալ խմբերին: Զեղչերը տրամադրվում են անհատական դիմումի հիման վրա՝ հոգեբանի և տնօրինության որոշմամբ:

Որտե՞ղ է գտնվում «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը գտնվում է Դավիթաշենի կամրջի հարևանությամբ (Կոմիտաս փ.-ի կողմից)՝ Սևքարեցի Սաքո փ. #25 հասցեում:

Որո՞նք են «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի աշխատանքային ժամերը

«Ինթրա» կենտրոնը աշխատում է ամեն օր, բացի կիրակի օրերից: Աշխատանքային ժամերն են՝ 10.00-19.00: Հատուկ դեպքերում հոգեբանները կարող են հանդիպում նշանակել նաև աշխատանքային ժամերից դուրս: