Հարց 2

Հարց – Մեծ տղաս յոթ տարեկան է, իսկ փոքրս՝ հինգ:  Նկատել եմ, որ վերջերս նրանք սկսել են մրցել  իմ և ամուսնուս ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ինչպե՞ս վարվենք, որ նրանք երկուսն էլ զգան հավասար ուշադրություն ու սեր և դադարեն մրցակցել:

Մարինե Պետրոսյան, հոգեբան - Քույրերի և եղբայրների մրցակցության պատճառները տարբեր են: Հաճախ նրանք չեն կարողանում կիսել իրենց համար կարևոր երկու անձանց սերը, և յուրաքանչյուրը ցանկանում է տիրել  ծնողների  սիրուն ամբողջովին։ Սեռը նույնպես ոչ պակաս նշանակություն ունի: Տարբեր սեռերի երեխաներին տարբեր կերպ են վերաբերվում, եղբայրը կարող է քրոջը ատել, քանի որ հայրիկը շատ ավելի մեղմ ու քնքուշ է նրա հետ։

Կարևոր դեր է խաղում նաև տարիքը, ինչը կարող է քույրերի և եղբայրների միջև սիրո, հոգածության կամ անտարբերության պատճառ դառնալ։ Վեց և ութ տարեկան երեխաները միասին խաղում են, սակայն երբ ավելի են մեծանում, նրանց հետաքրքրությունները փոխվում են և կարող են անտարբեր դառանալ միմյանց նկատմամբ։

Այս բոլոր գործոնները կարևոր են, սակայն ծնողները մեծ դեր են խաղում երեխաների միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի ձևավորման մեջ: Այն, թե ինչպես են նրանք վերաբերվում ավագ երեխաներին և կրտսերներին, ինչպես են գնահատում նրանցից յուրաքանչյուրի ընդունակությունները, ինչպես  խրախուսում, որոշիչ է երեխաների համար:

Երեխաներին պետք է սիրել  հավասարապես, սակայն պետք է հիշել, որ նրանք տարբեր են և  պահանջում են տարբեր վերաբերմունք։ Հնարավոր չէ երկու տարբեր մարդկանց սիրել միանման։ Լավագույնը, ինչ կարող եք անել,  չհամեմատել նրանց։   Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաներն միմյանց սիրեն և չմրցակցեն, պետք է  նրանցից յուրաքանչյուրին վերաբերվել յուրովի՝ նկատելով նրանց յուրահատկությունը։ Երեխաները պետք է զգան, որ իրենք ծնողների համար ամենակարևոր մարդիկ են՝ անկախ, սեռից, տարիքից, ընդունակություններից և այլն։