Հարց 7

Հարց – Ես 19 տարեկան եմ: Ոււնեմ եղբայր, ով 4 տարեկան է: Մեր տարիքային տարբերությունը 15 տարի է, և այնպես է ստացվել, որ կարելի է ասել, ծնված իսկ օրվանից ես եմ նրան խնամել: Եվ մի գուցե հենց այդ պատճառով է, որ նա ունի խնդիրներ խոսքի հետ կապված, նաև գերակտիվ է և չափից դուրս նյարդային: Մոտ մեկ ամիս առաջ նրան ուսումնասիրեց պոլիկլինիկայի հոգեբանը և ասաց, որ երեխան մնացել է 2 տարեկան հասակի մեջ, որը բարդ խնդիրների առաջ կկանգնեցնի մեզ, եթե չդիմենք մասնագետի օգնությանը: Որոշեցի զանգահարել մի քանի վճարովի մանկապարտեզներ, բայց վարձը շատ էր և ինչքան էլ ուզենայի, չէի կարողանա օգնել եղբորս, բայց նաև հասկանում եմ, եթե այսպես էլ թողնեմ, ուղղակի կդժբախտացնեմ նրան: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք, թե ինչ անեմ, ինչով օգնեմ նրան: Գուցե պետք է տեսնեք երեխային: Նախապես շնորհակալություն:

Մարինե Պետրոսյան, հոգեբան – Եթե Ձեր եղբոր մոտ մասնագետը բացահայտել է զարգացման հապաղում, ասելով, որ երեխան 4 տարեկանում դեռևս 2 տարեկան հասակի մեջ է, ապա ցանկալի է մասնագիտական հետազոտություն: Հոգեբանական, նաև զարգացման խնդիրների հաջող հաղթահարման համար շատ կարևոր է այդ խնդիրների վաղ բացահայտումը, այդ իսկ պատճառով էլ ցանկալի կլինի, որ երեխան անցնի մասնագիտական հետազոտություն առավել ճշգրիտ որոշելու համար ինչպիսի խնդիրներ ունի կամ չունի երեխան, և ինչպիսի միջամտության և աջակցության անհրաժեշտություն կա: Կարող եք դիմել մեր կենտրոն մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար: Շնորհակալություն: